Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

G7-ի 6 երկրներ քննադատել են ԱՄՆ-ին

G7-ի 6 երկրներ քննադատել են ԱՄՆ-ին
04.06.2018 | 09:48

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը բախվեց G7-ի երկրների զայրացած գործընկերների կտրուկ քննադատությանը, որ դժգոհ են պողպատի ու ալյումինի ներկրման մաքսատուրքի բարձրացումից: Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը հայտարարել է, որ Վաշինգտոնը մի քանի օր ունի` խուսափելու դաշնակիցների հետ առևտրական պատերազմից: G7-ի ֆինանսների նախարարների 3-օրյա հանդիպումը Կանադայում էր, հաջորդ շաբաթ Քվեբեկում կկայանա G7-ի գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հանդիպման արդյունքներով նույնիսկ համատեղ հայտարարություն չընդունվեց, որ տարաձայնությունների նշան է: Թեժ բանավեճերը, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն գագաթնաժողովում: 7 հարուստ երկրների ներդաշնակ ակումբում դա անհամաձայնության եզակի դեպք է, երբ 6 երկրներ հայտարարությամբ Մնուչինին խնդրեցին Թրամփին փոխանցել իրենց «միասնական մտահոգությունն ու հիասթափությունը» մաքսատուրքերի բարձրացումից: Մարտի սկզբին Թրամփը բարձրացեց ալյումինի ու պողպատի ներկրման մաքսատուրքերը, բայց ժամանակ տվեց բանակցությունների համար: Այս շաբաթ ԱՄՆ առևտրի նախարար ՈՒիլբուր Ռոսը հայտարարեց, որ հունիսի 1-ից նոր մաքսատուրքերը կգործեն ԵՄ-ի, Կանադայի ու Մեքսիկայի համար: ԵՄ-ն ու Կանադան արդեն վճռել են որոշումը բողոքարկել Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում:


Խոսքը ԵՄ-ից, Կանադայից, Մեքսիկայից ներկրվող պողպատի 25 և ալյումինի 10-տոկոսանոց մաքսատուրքի բարձրացման մասին է: «Մենք անհանգստացած ենք, որ այդ գործողություններն իրականում չեն նպաստում մեր տնտեսությանը օգնելուն: Նրանք կործանարար են ու 6 երկրներ իրենց տեսակետը փոխանցել են ֆինանսների նախարար Մնուչինին»` ասաց Կանադայի ֆինանսների նախարար Բիլ Մորնոն հանդիպումն ամփոփող մամլո ասուլիսում: Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լը Մերը ավելի կոշտ արտահայտվեց: Նա ասաց, որ առևտրական պատերազմը կարող է սկսվել «մի քանի օրից»: Սթիվ Մնուճինը մերժեց գործընկերների մեղադրանքները և չհամաձայնեց նրանց հետ, որ ԱՄՆ-ն իր մաքսատուրքերով խախտում է միջազգային առևտրի կանոնները: Նա խոստացավ, որ Թրամփը ուշադրությամբ կվերաբերվի նրանց անհանգստությանը G7-ի գագաթնաժողովում:


Եվրոպական երկրները սպառնացել էին ոչ միայն բողոքարկել ԱՄՆ մաքսատուրքերը ԱՀԿ-ում, այլև ներմուծել պատասխան սահմանափակող մաքսատուրքեր, այդ թվում` ԱՄՆ-ում արտադրվող մոտոցիկլետների, վիսկիի, ջինսի ու նույնիսկ հապալասի նկատմամբ: ԱՄՆ-ի առևտրի նախարար ՈՒիլբուր Ռոսը Պեկինում հանդիպեց ՉԺՀ փոխվարչապետ Լյու Խեի հետ դիմակայության մեղմացման համապատկերում: Ավելի վաղ երկու երկրները պայմանավորվել էին առևտրական պատերազմ չսկսել` մեծացնելով ամերիկյան ապրանքների արտահանումը չինական շուկա: Նախագահ Թրամփը, քանի դեռ G7-ի երկրների ֆինանսների նախարարները զայրանում էին Կանադայում իր վարած տնտեսական քաղաքականությունից, հերթական թվիթներն էր գրում` ապացուցելով ԱՄՆ-ի ճշմարտացի լինելը Եվրոպայի հետ առևտրական հարաբերություններում: «Երբ առևտրի մեջ տարեկան կորցնում ես համարյա 800 միլիարդ դոլար, չես կարող քեզ թույլ տալ պարտվել առևտրական պատերազմում: ՈՒրիշ երկրները տարիներով հարստացել են ԱՄՆ-ի հաշվին, խելացի դառնալու ժամանակն է»` գրում էր Թրամփը Թվիթերում: «ԱՄՆ-ին պետք է, արդեն վաղուց պետք է արդար վերաբերվեն առևտրի ոլորտում: Եթե մենք զրոյական մաքսատուրքեր ենք սահմանում, որ նրանք կարողանան իրենց ապրանքները վաճառել, իսկ նրանք մեզնից 25 %, 50 %, նույնիսկ 100 % մաքսատուրք են վերցնում, որ մեր ապրանքները վաճառեն, անարդար է և դրան չի կարելի այլևս հանգիստ վերաբերվել» ` կարծում է ԱՄՆ նախագահը: «Դա ազատ ու ազնիվ առևտուր չէ, տխմար առևտուր է»` հավելել է նա:
BBC


Հ.Գ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաշվի չի առնում քաղաքական գործոնը, տնտեսության զարգացման հնարավորություններ տալով այլ երկրների` ԱՄՆ-ը հնարավորություն է ստացել միջամտել նրանց ներքին կյանքին` քաղաքական, սոցիալական, ֆինանսական հարցերի լուծմանը: Հիմա ԱՄՆ նախագահը հրաժարվում է այդ ազդեցությունից ու ասում` ամեն երկիր պիտի ապրի ինքն իր հաշվին: Նրա այդ քաղաքականությունը ամենից շատ քննադատում են հենց ԱՄՆ-ում` նշելով, որ տասնամյակներով հաստատված կապերի խզումը նվազեցնելու է ԱՄՆ ազդեցությունը միջազգային ասպարեզում, բայց Թրամփին պետք է միայն տնտեսությունը, քաղաքական հարցերը նա որոշել է լուծել մեն-մենակ` առանց համակարգի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ